Հոդվածներ կինոհնչյունի և մոնտաժի մասին
Հնչյունային ձևավորում, Մոնտաժի տեխնիկաներ և վերլուծություններ Ֆիլմերի ուսումնասիրություններ և վերլուծություններ, Միջազգային պրակտիկա
Տեսադաշտից դուրս
Կինոյի պատմության մեջ ձայնը միշտ կարևորագույն դերակատար է եղել, Բրեսոնի A Man Escaped (1956) - ից, որտեղ ձայնը ֆիլմը ընկալելի է դարձնում մարմնական մակարդակում, մինչև Dune (2021), որտեղ կինոյի աշխարհը լսում և զգում ես նախքան տեսնելը։ Կինոյում՝ ձայնն ուղակի պատկերին ուղեկցողը չէ, այն լրացնում և ամբողջականացնում է պատմությունը, պատմում իր լեզվով՝ հաճախ մնալով տեսադաշտից դուրս։
Տեսադաշտից դուրս
Ներածություն
Խոսակցություններ տարբեր լեզուներով, ծիծաղներ, ափսեների չխկչխկոցներ, մոնոտոն շարժիչի ձայն, ճայեր, ալիքներ և տախտակամածի ճռճռոցներ։ Քամին սկսում է ուժեղանալ և անձրև է սկսվում, ամպրոպ։ Ալիքներն էլ ավելի են մեծանում, իսկ ճայերն այլևս չկան։
Կադրը բացվում է, և մենք գտնվում ենք․․․։
Կինոյում այն ինչ լսվում է, նույնքան կարևոր է, որքան այն ինչ երևում է։ Երբեմն նույնիսկ ավելի։
Կինոյի պատմության մեջ ձայնը միշտ կարևորագույն դերակատար է եղել, Բրեսոնի A Man Escaped (1956) - ից, որտեղ ձայնը ֆիլմը ընկալելի է դարձնում մարմնական մակարդակում, մինչև Dune (2021), որտեղ կինոյի աշխարհը լսում և զգում ես նախքան տեսնելը։ Կինոյում՝ ձայնն ուղակի պատկերին ուղեկցողը չէ, այն լրացնում և ամբողջականացնում է պատմությունը, պատմում իր լեզվով՝ հաճախ մնալով տեսադաշտից դուրս։
Այս հոդվածում կքննարկենք կադրից դուրս (off-screen) ձայնն ու նրա կիրառումը կինոյում։
Ի՞նչ է կադրից դուրս ձայնը (off-screen sound)
Կադրից դուրս ձայն է համարվում այն ձայնը, որի աղբյուրը կադրում կամ տեսադաշտում չէ, սակայն այն գտնվում է կինոյի աշխարհում՝ դիեգեզիսում (diegesis)։ Այսինքն՝ այս ձայները ֆիլմի հերոսները կարող են լսել, ի տարբերություն ետկադրային (non-diegetic) ձայնի, որը լսել կարող է միայն հանդիսատեսը, ինչպիսին է օրինակ երաժշտությունը կամ ետկադրային խոսքը (voice over)։ Այն ներառում է հերոսների, նրանց շրջապատի օբյեկտներից եկող (օրինակ սառնարանի, ժամացույցի, գնացքի և այլն), ինչպես նաև գործողությունների ձայները, և ձայներ, որոնք ձևավորում են տարածության ընկալումը, մթնոլորտն ու տրամադրությունները։ Պատկերացնենք տեսարան վարսավիրանոցում, որտեղ վարսահարդարը ածելիով սափրում է հաճախորդի պարանոցը։ Մեկ կադրով տեսարան, միջին պլան, կադրում միայն վարսահարդարն ու հաճախորդն են։ Պատկերացնենք այս տեսարանում մենք լսում ենք այլ մարդկանց խոսակցություններ, կատակներ, հարդարման սարքերի աղմուկներ։ Ակնհայտ է, որ բավականին զբաղված վարսավիրանոց է, և որ ամենակարևորն է՝ այնտեղ այլ մարդկանց ներկայություն կա և մթնոլորտը հանգիստ է, առանց որևէ լարվածության։
Հիմա պատկերացնենք այլ իրավիճակ և համեմատենք։ Նույն տեսարանը, սակայն մարդկանց ձայների ու վարսավիրանոցային այլ ձայների փոխարեն լսվում է միայն ժամացույցի մետաղական սլաքի ձայնը, լսվում է, թե ինչպես է ածելին սահում մաշկի վրայով և դրսից եկող խուլ քաղաքային աղմուկ։ Նույն տեսարանն է, տարբեր պատմություններ։
Օրինակ 1. Կադրից դուրս ձայնը որպես հոգեբանական գործիք․ Apocalypse Now (1979)
Վերցնենք պրակտիկ օրինակ՝ Apocalypse Now (1979).
Գլխավոր հերոսը նայում է պատուհանից դուրս՝ դեպի քաղաք։ Այստեղ մենք լսում ենք փողոցային աղմուկ, ոստիկանական սուլիչ, մեքենաների ձայնային ազդանշաններ, ճանճի բզզոցը պատուհանի ապակու վրա և այլն։
Սկսում է նրա ետկադրային խոսքը (voice over), որտեղ ասվում է՝ «․․․ամեն անգամ կարծում եմ պիտի արթնանամ ջունգլիներում»։
Այս պահից սկսած բոլոր ձայները աննկատելիորեն սկսում են փոխակերպվել ջունգլիների ձայների․ ոստիկանական սուլիչը դառնում է ծղրիդ, մեքենների ազդանշանները՝ թռչուններ, ճանճը՝ մոծակ և այլն։
Մենք տեսնում ենք հերոսին հյուրանոցի համարում, բայց լսում ենք ջունգլիների ձայնը։
Սա հիանալի օրինակ է, թե ինչպես է կադրից դուրս ձայնը վերածվում ոչ միայն տարածական և մթնոլորտային, այլ նաև հոգեբանական և ժամանակային գործիքի։ Մեր առջև հերոսն է՝ փակ սենյակում, սակայն նրա գիտակցությունը արդեն հեռացել է այնտեղից, ձայնի միջոցով մեզ ասվում է՝ նա այստեղ չէ։ Սա այն դեպքերից է, երբ ձայնը սկսում է կառուցել ժամանակը և տարածությունը՝ պատկերին պարզապես լրացնելու փոխարեն։ Մենք շարժվում ենք հերոսի ներքին ժամանակի և հիշողության միջով։ Կադրից դուրս ձայնը ստեղծում է միջավայր, որտեղ տարածությունն անորոշ է, ժամանակը՝ սուբյեկտիվ։ Հենց այստեղ է տեղի ունենում կինոյի հրաշքը։
Օրինակ 2. Կադրից դուրս ձայնը՝ միջավայր և մթնոլորտ․ No Country for Old Men (2007)
Այս օրինակով քննարկենք կադրից դուրս ձայնի մեկ այլ կիրառում։ No Country for Old Men (2007).
ֆիլմի բենզալցակայանի տեսարանը։ Տեսարանի սկզբում մենք լսում ենք հեռացող ուղղաթիռի կադրից դուրս ձայն և լսում ինչ-որ մետաղական ճռռոց։ Այս ճռռոցն ընդգծում է տարածքի լռությունը՝ բերելով ամայի դատարկության զգացողություն։ Որքա՞ն անօգնական կարող է լինել բենզալցակայանի աշխատողն այսպիսի միջավայրում, ով հայտնվել է մարդասպանի հետ անհարմար իրավիճակում։ Երկխոսության ժամանակ քամու հետ մեկտեղ երբեմն լսվում են ճնճղուկների ձայներ, որոնք միայն էլ ավելի են ընգծում տարածքի դաատարկությունն ու մարդկանց բացակայությունը։ Տեսարանը բացառիկ նրբությամբ ցույց է տալիս, թե ինչպես կարող է կադրից դուրս ձայնը լինել մթնոլորտ ստեղծող բուն տարրը՝ առանց խոսքի կամ ակնհայտ սյուժետային գործողության։
Հեռացող ուղղաթիռի ձայնը ստեղծում է աշխարհից կտրվածության տպավորություն, իսկ քամին ու ճռռոցն ընգծում դատարկությունը։
Եթե տեսարանում լինեին մարդկային ձայներ, մեքենաների աղմուկ կամ բնության ավելի հագեցած ձայն, միջավայրը չէր լինի այսքան մեկուսացված ու անօգնական։ Ճնճղուկների հազվադեպ ձայնն անապատային քամու մեջ նույնիսկ հեգնական է. դա ոչ թե կյանքի, այլ դրա բացակայության, շեշտադրումն է։ Այս ձայնային միջավայրը մի բան է ասում, տարածքում ոչ ոք չկա, ոչ ոք չի լսում, և ոչ ոք չի փրկելու։.
Օրինակ 3․ Կադրից դուրս ձայնը, որպես պատմող գործիք․ Big (1988)
Շատ բան կարելի է պատմել կադրից դուրս, բազմազան գործողություններ կարող են տեղի ունենալ տեսարանում, որոնք պատկերում չեն։ Ավելին, շատ բան կարող է տեղի ունենալ կադրից դուրս, որ նույնիսկ սցենարում չէին։ Այս օրինակում կքննարկենք տեսարանի հետ ուղակի կապ ունեցող գործողությունները։ Big (1988)ֆիլմում, Թոմ Հենքսի մարմնավորած հերոսը հայտվում է հյուրանոցային համարում, որտեղ ներկա է գտնվում դաժան բռնության ու սպանության դրվագի, որը ամբողջությամբ տեղի է ունենում կադրից դուրս` միայն ձայնով։ Մենք լսում ենք հյուրանոցի մեկ այլ սենյակում տեղի ունեցածը՝ ֆիզիկապես գտնվելով գլխավոր հերոսի հետ իր սենյակում և ականատես լինում նրա վախերին ու վարքին։ Ձայնով տեղի ունեցող գործողությունների միջոցով ֆիլմը տալիս է կոնտեքստն ու միջավայրը, որտեղ պատկերը ցույց է տալիս այդ կոնտեքստում հերոսի ապրումները, վարքն ու արձագանքը։
Ավելի լայն իմաստով, ձայնն ու պատկերը միաժամանակ պատմում են տարբեր բաներ՝ ստեղծելով մեկ միասնական զգայական պատմություն։
Ժամանակի վերակառուցումը ձայնով
Կադրից դուրս ձայնը նաև ստեղծում և փոխակերպում է ժամանակի զգացողությունն ու ընկալումը կինոյում։ Երբ ձայնը լսվում է, բայց նրա աղբյյուրն անտեսանելի է, ապա դիտողի մոտ ժամանակի ընկալումը փոփոխվում է, մեծանում է ժամանակային ճնշումը․ նա սպասում է բացահայտման, որն ուշանում է։ Այդ սպասումը ստիպում է դիտողին ժամանակն ավելի դանդաղ ընկալել, սպասել և մտովի պատկերացնել այդ աղբյուրը։ Այս էֆեկտն իր հերթին ստեղծում է լարվածություն, ու ժամանակին գծայինից բացի տալիս է նաև էմոցիոնալ արժեք։ Օրինակ սարսափ ժանրի ֆիլմերում սա լարվածություն ստեղծելու հիմնական հնարքն է. մենք լսում ենք ոտնաձայներ, դռան ճռռոց կամ հեռու շնչառություն՝ նախքան էկրանին որևէ բան տեսնելը: Ավելին, երբ կադրից դուրս ձայնը կրկնվում է առանց աղբյուրի բացահայտման, այն ընդհանրապես անջատվում է գծային ժամանակից և դառնում մոտիվ:
Այսպիսի պայմաններում, դիտողը սկսում է այլ կերպ զգալ պահը, ոչ միայն այն պատճառով, թե ինչ է լսում, այլ նաև այն պատճառով, թե ինչը դեռ չի տեսնում:
Վարջաբան
Կինոյում կադրից դուրս ձայնը մշտական հարաբերության մեջ է պատկերի հետ։ Այն ժամանակ է կառուցում, տարածք է ձևավորում, կերպարի ներաշխարհ է բացահայտում, իրավիճակն է նկարագրում։ Այն հրավիրում է դիտողին՝ մտովի լրացնելու բացը, որը երբեմն, ավելի խոսուն է քան տեսանելի պատկերները։
«Ձայնն ու պատկերը [...] պիտի աշխատեն հերթով, էստաֆետայի նման», ասել է Ռոբերտ Բրեսոնը։
Ձայնն ուղակի պատկերի լրացում չէ, այն ինքին պատմող և պատմություն կառուցող գործիք է։
Ֆիլմերը, որոնք հասկանում են այս ուժը՝ օգտագործում են այն պատմությունն ավելի հուզական և խորը դարձնելու համար։ Կադրից դուրս ձայնը ստեղծում է միջավայր, որտեղ սպասումը և ժամանակը դառնում են իրական ճամփորդություն կինոյի աշխարհով։ Լսելով այն, ինչ տեսանելի չէ, մենք դառնում ենք ավելի ակտիվ ու ստեղծագործ դիտողներ։ Եվ հենց այս անտեսանելի լսելին է՝ որ կինոդիտումը մարմնային է դարձնում։